AM
2 February 2010 - 09:52 AMT

220 շախմատիստ մասնակցում է Երեւանի պատանեկան առաջնությանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անց է կացվում Երեւանի շախմատի պատանեկան առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է 4 տարիքային խմբերում` մինչեւ 10, 12, 14 եւ 16 տարեկանների միջեւ:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին միջազգային մրցավար, առաջնության գլխավոր մրցավար Անուշավան Առաքելյանը, առաջնությանը մասնակցում է 220 շախմատիստ: «Երեւանի առաջնությունը ընտրական է եւ միայն 26 շախմատիստ իրավունք կստանա մասնակցել Հայաստանի պատանեկան առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 13-22-ը», ասել է նա:

Առաջնությանը մասնակցում են միայն տղաները, քանի որ շախմատիստուհիների անուններն արդեն հայտնի են: Նրանք կմասնակցեն պատանիների եւ աղջիկների միջեւ Հայաստանի առաջնությանը:

Երեւանի առաջնությունը կավարտվի փետրվարի 7-ին:

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: