AM
5 August 2003 - 15:46 AMT

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ

Սահմանապահ ներկայացուցչության գծով հայ-թուրքական սահմանի բացման մասին հարց չի բարձրացվել: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարեւը` մեկնաբանելով Անկարայի կողմից հայկական սահմանի հնարավոր ապաշրջափակման մասին հաղորդագրությունները: Նրա խոսքերով, համապատասխան հրամանի դեպքում, ելնելով ՀՀ ղեկավարության կայացրած որոշումից, անմիջապես համապատասխան ծառայություն կկազմակերպվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցակետերում: Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահների գտնվելու ժամկետներին, ապա Բոնդարեւի խոսքերով, պայմանավորվածության համաձայն, նրանք այստեղ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես չեն ձեւավորվել ՀՀ սահմանապահ զորքերը: Այսօր Հայաստանի սահմանապահների առջեւ դեռ բազմաթիվ խնդիրներ կան, մասնավորապես, Վրաստանի հետ սահմանի պատշաճ պահպանության հարցը, գտնում է ռուսաստանցի գեներալը: