Անկարան վրդովված է Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու` Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այցելության ընթացքում արված հայտարարությամբ: Ինչպես հայտնի է, Օսմանյան Թուրքիայոմ մեկուկես միլիոն սպանված հայերի հիշատակի հավերժ կրակին ծաղկեպսակ դնելուց հետո Կվասնեւսկին հայտարարեց, որ 1915 թվականի իրադարձությունները «միանշանակորեն եղել են ցեղասպանություն»: Ելույթ ունենալով Երեանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների առջեւ` նա ասաց. «Աշխարհում ոչ ոք չի կարող վիճել փաստերի հետ: Ցեղասպանությունը եղել է, ողբերգությունը տեղի է ունեցել»: Միաժամանակ, Լեհաստանի ղեկավարը խորհուրդ է տվել իր թուրքական գործընկերներին «ասել ճշմարտությունը»: Կվասնեւսկու` Անկարայի համար անսպասելի հայտարարությունների կապակցությամբ Վարշավայում Թուրքիայի դեսպանը հանդես է եկել կտրուկ բողոքով: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է մոտ օրերս հանդես գալ բողոքի պաշտոնական հայտագրով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: