AM
11 June 2003 - 18:53 AMT

ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ԱՆԿԱՐԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Թուրքիան ոչ մի գաղտնի նպատակ չի հետապնդել` հանդես գալով թուրք դիվանագետ Էջվեթ Թեզքանի Ամերիկայի առաջատար հայկական կազմակերպությունների հետ հանդիպման նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը` մեկնաբանելով «Anatolia» գործակալության խնդրանքով նման հանդիպման անթույլատրելիության մասին Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հայտարարությունը: Հիշեցնենք, որ ԱՀԴՀ ղեկավարության ավելի վաղ արված հայտարարության համաձայն, նման հանդիպումների անցկացումը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի չճանաչման պայմաններում ձեռնտու է միայն թուրքական կառավարությանը, որը ձգտում է խուսափել անցյալում կատարած հանցագործությունների համար պատսախանատվությունից: Նման հանդիպումների միջոցով Թուրքիան ուղղակի փորձում է մոլորության մեջ գցել ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին` հավաստելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը կնսեմանա «հայերի հետ ուղղակի երկխոսության» հաստատման լույսի ներքո, գտնում են ԱՀԴՀ-ում: