Հոկտեմբերի 29-ին Ժնեւում Եվրոպայի հայերի ֆորումի գրասենյակը դիմում է ընդունել ուղղված Եվրոպայի հայ համայնքներին: «Ազգ» թերթը տպագրել է դիմումի տեքստը, որում ասվում է. «Եվրախորհրդարանն այս տարվա հոկտեմբերի 25-ին ընդունել է ֆրանսիացի պատգամավոր Ալեն Լամասուրի ներկայացրած բանաձեւը, որում, ի թիվս այն պահանջների, որոնք Թուրքիան պետք է կատարի Եվրամիությանն անդամակցելու նպատակով, նշված չէ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այն պատճառաբանվում էր Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքներին չխոչընդոտելու ցանկությամբ: Նման փաստարկը լիովին անտեղի է, քանի որ այդ հանձնաժողովի հայ անդամները մշտապես հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության հարցը երբեւէ հանձնաժողովի քննարկման առարկա չի լինելու: Վերջերս նույն` Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները չխանգարե պատճառաբանությամբ Գերմանիայի Բունդեսթագն օրակարգից հանեց Հայոց ցեղասպանության հարցը: Եվրոպայի հայ կազմակերպությունների ֆորումն ուշի-ուշով հետեւում էր Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքներին` առանց իր վերաբերմունքն արտահայտելու, համարելով, որ խոսքը որեւէ հայ համայնք կամ կազմակերպություն չներկայացնող եւ որեւէ լիազորությամբ չօժտված անձանց նախաձեռնության մասին է: Սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այս մասնավոր անձանց քննարկումները դարձել են շահարկումների եւ թյուրիմացությունների առարկա, որոնց անմիջական բացասական հետեւանքները հակասում են սփյուռքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացին: Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը շահարկում են` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված խորհրդարանական նախաձեռնություններն ի չիք դարձնելու նպատակով: Ուստի, Եվրախորհրդարանն ընդունել է մի թյուր փաստաթուղթ, քանի որ նա հաշտեցման հանձնաժողովին վերագրել է ցեղասպանության վերաբերյալ քննարկումների դեր, որն իրականում չունի: Ի վերջո այս զարգացումները նաեւ մեծ հարված հասցրեցին հաշտեցման հանձնաժողովի վարկին: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հայերի ներկայացրած պահանջարկը չէ: Այն հիշողության պարտականություն է, պայքար ուրացության եւ մարդկության դեմ գործած ոճրի դեմ: Ուստի Հայոց ցեղասպանության ճանաչումն ամբողջ մարդկության պարտականությունն է: Ելնելով վերոհիշյալից եւ հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ նրբությունը, Եվրոպայի հայ միությունների ֆորումը Հայ-թուրքական հաշտեցման հանձաժողովի հայ անդամներին կոչ է անում հրաժարվել հանձնաժողովից` այդպիսով վերջ դնելով դրա աշխատանքներին»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: