AM
9 June 2003 - 14:58 AMT

ԱՊՀ-ՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՍՏԱՏՎԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները որոշում են ընդունել շարժական զենիթա-հրթիռային համալիրների արտահանման եւ ներկրման հարցում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստին», հայտարարել է ռուսական ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Իվանովը, որը մասնակցում էր այսօր ղազախական Շչուչինսկ քաղաքում կայացած ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Նշենք, որ տվյալ հարցի արդիականությունը նախարարը նախօրեին բացատրել էր ահաբեկիչների կողմից քաղաքացիական ինքնաթիռների դեմ այդ զենքի օգտագործման բազմաթիվ դեպքերով աշխարհի տարբեր մասերում, օրինակ` անցյալ տարվա ողբերգությունը Քենիայում, երբ խորհրդային արտադրության «Ստրելա» հրթիռային համալիրի օգնությամբ խփվել էր իսրայելական ինքնաթիռ 300 ուղեւորներով: Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ բազմակողմ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության կատարելագործման այժմէական հարցեր: Նախարարի խոսքերով, Խորհուրդը մի շարք կարեւոր որոշումներ է ընդունել, որոնք վերաբերվում են 2004 թվականին ԱՊՀ անդամ երկրների ռազմական ուժերի օպերատիվ նախապատրաստման համատեղ միջոցառումների պլանավորմանը, Համագործակցության շրջանակներում խաղաղության աջակցման հավաքական ուժերի գործունեության կազմակերպմանը: Բացի այդ, նիստում քննարկվել է հարցերի մի բլոկ, կապված ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի գործունեության հետ, նշել է Սերգեյ Իվանովը: «Հավաքական հակաօդային պաշտպանության ոլորտում մեր երկրների համագործակցության կատարելագործմանը նպաստող հերթական կարեւոր միջոցառումը կդառնա «Մարտական համագործակցություն-2003» համատեղ զորավարժությունների անցկացումը սույն թվականի օգոստոսի վերջին», – ընդգծել է նախարարը: Հիշեցնենք, որ հանդիպմանը մասնակցել են Համագործակցության ինը պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարները: