Վերջերս ստեղծված հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի ներկայացուցիչների խումբը հանդես եկան դիմումով` ի պատասխան Հայաստանի խորհրդարանական միավորումներում տարածած փաստաթղթի, որտեղ հանձնաժողովի գործունեությունը ենթարկվում է սուր քննադատության: Դիմումի տակ ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարարը, «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննեսյանը, Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Կրիկորյանը եւ Ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միգրանյանը: Դիմումում մասնավորապես ասվում է.
«Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ հայեր իրենց աջակցությունը հայտնեցին ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ անհատապես: Նրանք եւս համոզված են, որ հայերի ու թուրքերի միջեւ ուղղակի եւ կառուցվածքային ձեւ ունեցող երկխոսությունը` մեզ տարանջատող բազմաթիվ հարցերի շուրջ, կհանգեցնի որոշակի առաջընթացի: Շնորհակալ ենք ձեր աջակցության համար: Անսպասելի չէր նաեւ որոշ կուսակցությունների քննադատությունը: Բայց հուսով ենք, որ նրանք ժամանակ կհատկացնեն ծանրութեթեւ անելու իրենց տեսակետները եւ մեզ հնարավորություն կտան գործելու: Մեզ քննադատողներին խնդրում ենք նաեւ որոշակիացնել, թե ինչ են արել իրենք եւ ինչ են մտադիր անելու մեր գործունեության առանցքը դարձած խնդիրների առնչությամբ, ինչ ուղի են տեսնում մեր ժողովրդի ապագան առավել ապահով դարձնելու համար: Նման քննարկումը չափազանց ուշացել է:
Գնահատում ենք ձեր ըմբռնումը, որ քննարկումների սկզբնական դյուրազգաց փուլերը պետք է փակ ընթանային: Այժմ, երբ հանձնաժողովն արդեն ստեղծվել է, կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում պատասխանել ձեզ մտահոգող բազմաթիվ հարցերին, որոնց լուծումը պարտադիր է մեր ընդհանուր նպատակներն իրագործելու համար: Թույլ տվեք առաջին հերթին կտրականապես հայտարարել, որ սա «պատմական հանձնաժողով» չէ: Հայոց Ցեղասպանության վավերականությունը վիճաբանության առարկա չէ. դա միջազգայնորեն ընդունված փաստ է: Ակնհայտ է նաեւ, որ իրավական, հոգեբանական եւ քաղաքական հարցերը, որոնք ծնունդ են առել այս փաստից, վաղուց ի վեր կարոտ են ռացիոնալ եւ կառուցողական քննարկումների: Ուղղակի երկխոսության բացակայությունը ավելի է բարդացնում վիճակը: Կասկածից վեր է նաեւ այն, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ինքնին կարեւոր է: Յուրաքանչյուր պետություն պետք է ներկայացնի իր պաշտոնական որոշումը այս հարցի վերաբերյալ: Դա վճռորոշ գործընթաց է, որին, սակայն, հաշտեցման այսօրինակ ջանքերը ոչ մի կերպ չեն խոչընդոտում:
Համաձայն ենք նրանց հետ, ովքեր ասում են, որ իրական հաշտեցում չի կարող լինել, քանի դեռ թուրքերը չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Հարցն այն է, թե որն է այս արդյունքին հասնելու լավագույն տարբերակը: Ըստ մեզ, հաշտեցումը գործընթաց է, եւ ոչ թե իրադարձություն: Հանրությանը ներկայացրած մեր Գործունեության հիմնական սկզբունքները այս առումով ինքնին շատ խոսուն են: Այդչափ մեծամիտ չենք, որ մտածենք, թե Հանձնաժողովի անդամները լավ գաղափարների կամ լուծումների մենաշնորհ ունեն, եւ բացարձակապես չենք ենթադրում, որ այս մարմնի գործունեությունը կարող է փոխարինել Հայ-թուրքական պետական ուղղակի կապերը: Հանձնաժողովի առաջին համաձայնեցված քայլը եղել է այլոց խորհուրդները լսելը եւ դրանք հաշվի առնելը: Միաժամանակ, հավատացած ենք, որ Հանձնաժողովի գործունեությունն առաջին քայլն է, որը օրինակ կծառայի նման ջանքերը քաջալերելուն եւ այլ նախաձեռնություններ խրախուսելուն, որոնց նպատակը անցյալը վերլուծելն է եւ ապագան բարելավելը: Հայ ժողովուրդը այլեւս չի հավատում դեմագոգների սուտ խոստումներին: Դրանց կեղծիքը բացահայտվել է: Նույնը վերաբերում է նրանց, ովքեր հավատացնում են, թե ինչ-որ երրորդ երկիր մի կողմ կդնի իր ազգային շահերը եւ կստիպի Թուրքիային հաշտվել: Հայ պատմաբանները փաստում են, որ այս միամիտ հավատը չփրկեց մեր ազգին 19-րդ դարում եւ 20-րդ դարասկզբում:
Հայոց Ցեղասպանության հարցը միակ խնդիրը չէ, որը տարանջատում է հայերին եւ թուրքերին: Մենք մտադիր ենք կատարել խոր ուսումնասիրություններ, ճշտել տարբերությունները եւ որոնել ընդհանուր եզրեր: Հարգանքով ենք վերաբերվում հանձնաժողովի անդամ մեր գործընկերներին եւ հավատում ենք, որ նրանք արժանի են վստահության` փոխըմբռնում ենթադրող այս գործընթացում ներգրավվելու համար: Հանձնաժողովին մաս կազմելով իբրեւ չորս առանձին անհատ` մենք գործում ենք որպես միասնական թիմ: Մեր կրթությունն, աշխատանքային փորձն ու ներկայիս զբաղմունքները տարբեր են: Ակնկալելով, որ մեզ արդար հնարավորություն է տրվելու երկու ժողովուրդների հաշտեցմանը միտված քայլ անել` որեւէ հավակնություն չունենք ներկայացնելու ողջ հայությունը կամ Հայաստանի կառավարությունը: Հայաստանի ղեկավարները ազնվորեն հաստատեցին, որ իրենք տեղեկացվել են գործընթացի մասին, եւ իրավացիորեն հայտարարեցին, որ սա կառավարությունների նախաձեռնություն չէ:
Այսուհանդերձ, շնորհակալ ենք տարբեր կողմերից մեզ ցուցաբերած աջակցության համար: Հուսով ենք, որ մեր ջանքերը կնպաստեն պաշտոնական հարաբերությունների բարելավմանը, ինչը համարում ենք շատ ավելի կարեւոր: Դեռեւս ստույգ չէ, թե երբ կհամալրվի մեր կազմը, բայց համամիտ ենք, որ հարկ է ավելի շատ մարդ ներգրավել: Մենք ակնկալում ենք առաջընթաց եւ հաջողություն, որոնց հիմքը համարում ենք մեր առաջին քայլը: Այն արդեն արվել է»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: