Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը: Նիստում քննարկվել են բողոքները ֆեդերացիայի նախկին նախագահ Ալեքսան Ավետիսյանի դեմ:
Ըստ Վիզերի, ֆեդերացիայի նպատակն է ձյուդոյի տարածումը աշխարհում: «Մենք քննարկել ենք բոլոր բողոքները, և պարզել ենք, որ Ալեքսան Ավետիսյանը ֆրանսիական Noris ընկերության ներկայացուցիչն է և զբաղվում է մարզական հանդերձանքի վաճառքով, ինչը հակասում է միջազգային ֆեդերացիայի կանոններին»,-ասել է Վիզերը:
Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել Վիզերին Հայաստան ժամանելու և իրավիճակը պարզելուն նպաստելու համար: «Մենք երեկ քննարկեցինք բոլոր խնդիրները և որոշեցինք, որ Միջազգային ֆեդերացիայից մասնագետ կժամանի, որը վարպետության դասեր կանցկացնի մարզիչների, ձյուդոիստների ու մրցավարների համար և կօգնի շտկել իրավիճակը ֆեդերացիայում»,-ասել է Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, ֆեդերացիայի ղեկավարի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունը կկատարի ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ և ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Իսկ Ալեքսան Ավետիսյանը նշանակվել է ՀԱՕԿ-ի փոխնախագահ:






