AM
9 Հոկտեմբեր 2010 - 06:10 AMT

Վարդան Մինասյան. Մենք գերազանցեցինք հակառակորդին բոլոր առումներով

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին: Գոլի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Հյուրերի կազմում աչքի ընկավ սլովակների մարզչի որդին՝ Վլադիմիր Վայս-կրտսերը:

Խաղից հետո ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար: «Հաշիվը համապատասխանում է խաղին, մենք գերազանցեցինք հակառակորդին բոլոր առումներով: Այժմ իմ թիմը հավատում է, որ կարող է լավ ֆուտբոլ ցուցադրել»,-ասել է ՀՀ հավաքականի մարզիչը:

Ըստ նրա, ընդմիջման ժամանակ, երբ հաշիվը 1:1 էր, նա ասաց իր սաներին, որ իրենք լավ են խաղում և շատ ափսոս կլինի, եթե չհաղթեն:

Հաջորդ խաղը ՀՀ հավաքականը կանցկացնի Երևանում հոկտեմբերի 12-ին Անդորայի հավաքականի հետ: Մինասյանը գտնում է, որ այդ խաղն ավելի դժվար է լինելու, քանի որ հաղթանակից բացի ցանկացած այլ արդյունք վատն է համարվելու: «Արնդորան բաց ֆուտբոլ է ցուցադրում և մեզ համար դժվար է լինելու: Կառլեն Մկրտչյանը ստացավ երկրորդ դեղին քարտը և չի մասնակցի հաջորդ խաղին, ուստի մեր կազմում կլինեն որոշ փոփոխություններ»,-ասել է Մինասյանը:

Այժմ ՀՀ հավաքականը B խմբում 4 միավորով 4-րդ տեղում է: 6-ական միավոր ունեն Իռլանդիան, Սլովակիան ու Ռուսաստանը: