. Քաղաքագետ Գեորգի Նոդիան գտնում է, որ հաշվի առնելով այժմ Վրաստանում տիրող իրադրությունը, 1944թ.-ին հանրապետությունից վտարված թուրք-մեսխեթցիների հայրենադարձությունը վտանգավոր կլինի: Ըստ փորձագետի, դրան կնդդիմանան Սամցխե-Ջավախեթիի բնակչության հիմնական մասը: Ինչպես հայտնի է Վրաստանի այդ մարզի հարավային շրջաններում բնակվում են հիմնականում հայեր: Բնական է, որ անցած դարի կեսերին իրագործված տեղահանությանը առնչություն չունեցող տեղացի բնակիչները անհանգստացած են, որ իրենց երկիր պատրաստվում են վերադառնալ մարդիկ, որոնք այդ հողը հայրենիք են համարում: Նոդիան նշում է, որ Ջավախեթիի բնակիչները կտրականապես դեմ են վերադարձող հայրենադարձներին եւ բավականին թշնամաբար են տրամադրված նրանց նկատմամբ: Այս իրադրությունում,ասել է քաղաքագետը, Վրաստանում անհրաժեշտ է հասարակության հետ ավելի ակտիվ բացատրական աշխատանք տանել, հետեւողականորեն ցրելով բազմաթիվ լուրերը եւ անհիմն կասկածները:
Առայժմ հայտնի չի նույնիսկ Վրաստան վերադառնալ ցանկացող թուրք-մեսխեթցիների մոտավոր թիվը: Ըստ լուրերի խոսքը գնում է 300 հազարից ոչ պակաս հայրենադարձների մասին: Նոդիան գտնում է, որ լուրջ բացթողում է այն, որ Վրաստանի ղեկավարությունն այսօր հստակ քաղաքականություն չունի իսլամ դավանող այդ վրացիների հայրենադարձության վերաբերյալ: Իսկ դա կարող է ոչ ցանկալի արդյունքներ ունենալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Վրաստանի իշխանությունները պետք է համոզեն Եվրախորհրդին,որ այդ խնդրի լուծմանը իրենք մոտենում են անհրաժեշտ լրջությամբ: Այդ ժամանակ Եվրախորհուրդն այդպես համառորեն չի պնդի թուրք-մեսխեթցիների վերադարձին Վրաստան 12 տարվա ընթացքում»,- ասել է Նոդիան: Հիշեցնենք, որ այդ ժամկետը որոշվել էր 1999թ.-ին Վրաստանի Եվրախորհուրդ մտնելիս: Ներկայումս Վրաստանի խորհրդարանի մի քանի կոմիտեներ աշխատում են թուրք-մեսխետինցիների հայրենադարձությանը վերաբերող օրինագծի մշակման վրա: