Ամերիկայի Հրեաների կոմիտեի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով` վերջերս ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյան-Ֆելլերը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է անցկացրել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նա մանրամասն տեղեկացրել է ամերիկյան կողմին հրեաների կյանքի մասին Հայաստանում: Երախտագիտություն հայտնելով իրենց ընձեռնված հնարավորության համար` ԱՄՆ պաշտոնական անձիք նշել են, որ դա հնարավորություն կտա նրանց արդյունավետ մոտեցում ցուցաբերել «հայկական հարցի» հետագա քննարկումներին ԱՄՆ Կոնգրեսում: Ինչ վերաբերում է Ամերիկայի որոշ հայկական ԶԼՄ-ների «հայոց ցեղասպանության ճանաչման հարցում աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ պաշտոնական անձանց հավաստիացումների մասին» տեղեկատվություններին, ապա Ռ. Վարժապետյան-Ֆելլերի խոսքերով` դա թերահասկացության արդյունք է: «Իմ որոշ խոսքերի ոչ ճիշտ մեկնաբանումների պատճառ է դարձել, հավանորեն, իմ անգլերենի եւ հայերենի իմացության անկատարությունը»,- նշել է Հայաստանի հրեական համայնքի նախագահը: