. Տարածաշրջանային էներգետիկ նախագծերում Հայաստանի մասնակցության օգտին հանդես եկող ամերիկյան կոնգրեսականներ Ջո Քնոլլենբերգը, Ֆրանկ Փալոունը, Ջոզեֆ Քրոուլին եւ Ջոն Սվինին պատրաստվում են ուղերձով դիմել ԱՄՆ-ի նախագահին: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում, Բուշին ուղղվելիք ուղերձում կոնգրեսականները մտադիր են մտահոգություն հայտնել այն փաստի վերաբերյալ, որ ամերիկյան հարկատուների միջոցնորը կարող են օգտագործվել կասպիական նավթի արտահանման այն նախագծերի համար, որոնք բացառում են Հայաստանի մասնակցությունը: «Մենք խրախուսում ենք կոնգրեսականներ Քնոլլենբերգի, Փալոունի, Քրոուլինի եւ Սվինիի նախաձեռնությունը եւ ողջունում ենք նրանց քայլերը: Հայաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում եւ կարող է կարեւոր մասնակցություն ունենալ տարածաշրջանի նավթային եւ գազային զարգացման գործում, մասնավորապես, Բաքու-Ջեյհան նախագծի համատեքստում»,- հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Հունիսի 14-ին կոնգրեսականներ Ջո Քնոլլենբերգը, Ֆրանկ Փալոունը, Ջոզեֆ Քրոուլին եւ Ջոն Սվինին հանդես էին եկել բանաձեւի նախագծով, որում ասվում էր. «ԱՄՆ-ը չպետք է օժանդակի այնպիսի խողովակաշարերի կառուցմանը, որոնց տնտեսական կենսունակությունը կասկածելի է եւ որոնք խոչընդոտում են Հայաստանի ներգրավմանը տարածաշրջանային տնտեսական համագործակցության մեջ»: Բանաձեւը նաեւ կոչ էր անում ԱՄՆ-ի Առեւտրի Զարգացման Գործակալությանը քննարկել Հայաստանի տարածքով Բաքու-Ջեյհան նավթատարի անցկացման հնարավորությունը: