Օրերս Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի օդանավակայանում «Կալինինգրադավիա» ԲԲԸ տնօրեն Վլադիմիր Տրուխինը իր որոշմամբ ավելի քան մեկ օրով հետաձգել է «Կալինիգրադ-Երեւան» չվերթը` իբր թռիչքի թույլտվության փաստաթղթերի բացակայության պատճառով: Դրա արդյունքում, Կալինինգրադի մարզի տրանսպորտային դեպարտամենտի նախագահ Իգոր Կրասնյանսկու խոսքերով, օդանավակայանում «ծաղր ու ծանակի են ենթարկվել հայազգի ուղեւորները եւ միջադեպը հասել է ազգամիջյան մակարդակի»: Ինչպես հաղորդում է «”Regnum» գործակալությունը, այդ առնչությամբ Կալինինգրադի մարզի իշխանություններին տեղի հայկական համայնքի ղեկավարության կողմից նամակ է հղվել` իրավիճակը պարզաբանելու խնդրանքով: Միջադեպի կողմերի մասնակցությամբ տրանսպորտի դեպարտամենտում կայացած խորհրդակցությունից հետո, Ի.Կրասնյանսկին հայտարարել է, որ «Վ.Տրուխինի հայտարարությունները չեն արտահայտում «Կալինինգրադավիա»-ի քաղաքականությունը ՌԴ հայազգի քաղաքացիների նկատմամբ»: Նրա կարծիքով, բախման համար հիմք է հանդիսացել «Կալինինգրադավիա»-ի ցանկությունը ճանապարհից հեռացնել «Պերմի ավիաուղիներ» ընկերության մրցակիցներին եւ ձեռք գցել շահավետ դարձած չվերթը դեպի Հայաստան»: