Եթե Կոնգրեսն ընդունի ԱՄՆ Սենատի կողմից «Ցեղասպանությունը պատժելու եւ կանխարգելելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի վավերացման 15-րդ տարեդարձին նվիրված բանաձեւը, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ օրենսդրական մարմինը կընդունի փաստաթուղթ, որտեղ հիշատակվում է հայոց ցեղասպանությունը, «ինչը հավասարազոր է այդ պատմական փաստի ճանաչմանը»: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով` այս հարցում ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը էական փոփոխություններ չի կրել եւ նախկինի պես ուղղված է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ միջպետական երկխոսության զարգացման նպաստմանը` ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա` Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով: «Ամերիկյան վարչակազմը համարում է, որ նման ձեւով Հայերի ցեղասպանության ճանաչումը կարող է խանգարել ԱՄՆ ջանքերին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապեր հաստատելու գործում, ինչպես նաեւ բացասական ազդեցություն ունենալ վերջին ժամանակներում առանց այդ էլ ոչ միանշանակ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- նշել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: