. Այսօր Երեւանում հայ-վրացական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքներով ստորագրվեց արձանագրություն: Տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը, որը միեւնույն ժամանակ հանդիսանում է հանձնաժողովի համանախագահ, ասաց, որ հանդիպման ընթացքում կողմերը մի շարք հարցերի շուրջ համաձայնության են եկել: «Առկա» գործակալությունը տեղեկացնում է, որ նիստի մասնակիցները պայմանավորվեցին պահպանել տարանցիկ բեռնափոխադրությունների համար արտոնյալ վճարը,որը կազմում է մեկ տոննայիի համար 14 դոլար: Կողմերը նաեւ որոշում ընդունեցին վերականգնել Վրաստանի կողմից Հայաստանին պետական պարտքի տոկոսների վճարման գրաֆիկը: (Մի քանի ամիս առաջ Վրաստանը հայտարարեց, որ դադարեցնում է պետական պարտքի տոկոսների վճարումը:) Երկու երկրների ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում բանակցություններ վարել պարտքի վերակառուցման հնարավորության վերաբերյալ:
Հայաստանին Վրաստանի պետական պարտքը կազմում է 24 մլն դոլար, որից 4,5-ը` Հայաստանի կողմից մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց: