AM
28 June 2001 - 18:14 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ

. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների Պալատի արտաքին ֆինանսական հարցերով ենթահանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն Հայաստանին այս տարի կտրամադրվի 82,5 մլն դոլար օգնություն: Անցած տարվա համեմատ, օգնության ծավալը կրճատվել է 7,5 մլն դոլարով: Ընդ որում, ենթահանձնաժողովի կողմից հաստատված թիվը 12,5 միլիոնով ավելի է, քան նախատեսում էր Բուշի վարչակազմի կողմից առաջարկված նախագիծը: Օրինագծի վերջնական քվեարկությունը տեղի կունենա Սենատում` խորհրդարանական արձակուրդների ավարտից հետո:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը իր դժգոհությունն է հայտնել ընդունված որոշման կապակցությամբ: Մինչ այդ հանձնախումբը կոչ էր արել ԱՄՆ-ում բնակվող հայերին դիմել ենթահանձնաժողովին Հայաստանին ֆինանսական օգնության ծավալը չկրճատելու պահանջով: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ենթահանձնաժողովը ուժի մեջ է թողել«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը վարչակազմին արգելում է տնտեսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ այն շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: