Վրաստանի Սահմանադրական դատարանը երեք հայազգի դատավորների ազատել է իրենց պաշտոններից: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, պաշտոններից ազատվել են Վրաստանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների դատավորներ` Սուսաննա Մանուկյանը, Ստեփան Երանոսյանը եւ Արարատ Զոհրաբյանը: ՍԴ դատարանի որոշման համար հինք է ծառայել այն հանգամանքը, որ վերոհիշյալ դատավորները չեն կարողացել վերաորակավորման քննությունները հանձնել վրացերեն լեզվով: Մինչդեռ, աղբյուրի համաձայն, դատավորների մասնագիտական գիտելիքները բարձր մակարդակի վրա են եւ քննությունը նրանք կարող էին հանձնել ռուսերեն լեզվով: Այդ առնչությամբ «Ա-ինֆո»-ն հիշեցնում է նախապես գոյություն ունեցող պայմանավորվածության մասին, որի համաձայն հայազգի դատավորներին պետք է հնարավորություն ընձեռնվեր վերաորակավորման քննությունը հանձնել ռուսերեն լեզվով: Ինչպես նշում է աղբյուրը, Վրաստանի ՍԴ որոշումը կքննարկվի նաեւ հունիսի 1-ին կայանալիք Վրաստանի արդարադատության խորհրդի նիստում: Հաղորդագրության համաձայն, պաշտոնանկ արված դատավորները վերջին հայազգի դատավորներն էին Վրաստանում: