. Ինչպես հայտնում է ԵՀՄՖ մամուլի գրասենյակը, Գերմանիայի Բոնն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի երրորդ խորհրդաժողովը, որին մասնակցեցին 20-ից ավելի երկրների մոտ 100 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի առաջին նիստում ԵՀՄՖ-ին անդամակցեցին Ռումինիայի եւ Ավստրիայի հայ համայնքները: Ռուսաստանի հայերի միության, Դանիայի Հայկական քրիստոնեական մշակութային կենտրոնի, Հոլանդիայի հայ համայնքի պատվիրակները ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեությունը` ապագայում ֆորումին անդամակցելու հեռանկարով: Խորհրդաժողովը միաձայն հաստատեց ֆորումի գործադիր մարմնի հաշվետվությունը, մասնավորապես բարձր գնահատելով Բրյուսելի նորաբաց տեղեկատվական գրասենյակի աշխատանքը:
Լսվեցին նաեւ հաղորդումներ Եվրոպայի հայ գործարարների ֆորումի երկրորդ խորհրդաժողովի( մարտ, 2001թ, Ժնեւ) արդյունքների, Եվրոպայում Արցախի օր նշելու ձեռնարկի, սփյուռքում հայոց լեզվի ուսուցման, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման ուղղությամբ Եվրամիությունում տարվող ծրագրերի մասին: Ռումինիայի, Բուլղարիայի եւ Շվեդիայի համայնքների ղեկավարները հակիրճ ելույթներով ծանոթացրին իրենց համայնքների գործունեությունը: Մասնավորապես Ռումինահայոց միության նախագահ պրն. Վարուժան Ոսկանյանը հատկապես ընդգծեց երկրի քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավման դերի կարեւորությունը:
Խորհրդաժողովը քննարկեց նաեւ ցեղասպանության ճանաչման քարոզարշավի ներկա փուլի առանձնահատկությունը եւ ապագայում ֆորումի որդեգրելիք ուղղությունը: Եվրամիության փախստականների ֆորումի ներկայացուցիչն իր ելույթում ուրախությամբ նշեց ԵՀՄՖ-ի հետ առաջին համագործակցության հաջող ընթացքը:
Հունիսի 3-ի նիստում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները ներկայացրեց Ավստրիայում եւ ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը, իսկ ԱԳՆ սփյուռքի հարցերի վարչության պետի տեղակալ Ջիվան Մովսիսյանը խոսեց Հայրենիք-Սփյուռք խորհրդաժողովի հետաձգման պատճառները: «Համաշխարհայնացումը եւ հայկական սփյուռքը» թեմայով քննարկման ընթացքում մասնագիտական դիտարկումներով զեկուցումներ կարդացին Քրիստին Պլատը (Գերմանիա), դոկտոր Խաչիկ Թոլոլյանը (ԱՄՆ), Լիոնի եւ Ռոն-Ալփիի շրջանի հայոց առաջնորդ Նորվան արք. Զաքարյանը(Ֆրանսիա), ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Ոսկանյանը: Խորհրդաժողովի եզրափակիչ նիստում ընդունվեց ֆորումի 2001-2002թթ բյուջեն: Նիկոլա Դավիթյանը (Բելգիա) ընտրվեց ԵՀՄՖ-ի գործադիր մարմնի անդամ: Հաստատվեցին նաեւ վարչակազմի նոր անդամներ: Ինչ վերաբերում է 2002 թվականին 4-րդ խորհրդաժողովի անցկացման վայրին, ապա նկատի առնվեցին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան եւ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը: