AM
9 August 2003 - 14:49 AMT

ԹԲԻԼԻՍԻՆ ԴԵՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ռուսաստանի կառավարական հանձնաժողովը, որը զբաղվում է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնաման հարցերով, օրերս որոշում է ընդունել գնահատական տալ Անդրկովկասյան երկաթուղու Աբխազական մասի, մասնավորապես, Պոսու-Ինգուրի հատվածի վիճակին: Այդ կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ նախօրեին հայտարարել է, որ ռուսաստանյան կողմի միակողմանի գործողությունները հակասում են Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ Սոչիի պայմանավորվածություններին, կասկածի տակ են դնում այդ հարցի շուրջ երկկողմ բանակցությունների նպատակահարմարությունը եւ իրական սպառնալիք են ստեղծում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման համար: Թբիլիսին ճշտել է, որ համաձայն պայմանավորվածության, պետք է ստեղծվի համատեղ վրաց-ռուսական փորձագետների խումբ աբխազական կողմի մասնակցությամբ` Վեսյոլոյե-Սամտրեդիա տեղամասի հետազոտման նախնական աշխատանքների համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացրած սոցհարցման տվյալներով, Վրաստանի բնակիչներից մեծ մասը աջակցում է Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերսկսման գաղափարին: