Հայաստանի ԲԿՄԱ-ում (Բանակի կենտրոնական մարզական ակումբում) ծառայում են հայտնի մարզիկներ, այդ թվում 2010թ. աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, երիտասարդների շրջանում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Նորայր Վարդանյանը, ըմբիշ Արամ Ջուլֆալակյանը, շախմատիստներ՝ Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանը, միջազգային մրցաշարերի հաղթող Հրանտ Մելքումյանը, 2010թ. ՌԴ Գավաթի գավաթակիր Զավեն Անդրիասյանը, ֆուտբոլիստներ Վալտեր Պողոսյանը, Խորեն Մանուչարյանը և այլոք:
Ըստ ԲԿՄԱ-ի մարզական հարցերի գծով պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանի, ամեն տարի կազմվում է ժամկետային զինծառայություն անցնող լավագույն մարզիկների տասնյակը, 2010թ. առաջին հորիզոնականում է Արթուր Ալեքսանյանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանյանն ասել է, որ ծառայության շնորհիվ նա առավել կարգապահ ու նպատակասլաց է դարձել: «Բանակի շնորհիվ ես ընկերացա մյուս մարզիկների հետ և ինձ դուր է գալիս այն մթնոլորտը, որը տիրում է մարզական վաշտում»,-ասել է Ալեքսանյանը:
Հունվարի 30-ին ըմբիշը կմասնակցի Հայաստանի առաջնությանը, որն իր համար մեծահասակների շրջանում առաջին առաջնությունն է լինելու: Այնուհետև նա հանդես կգա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: «Բոլոր զինվորներին մաղթում եմ հաջողություն, բարձր մարտական ոգի ու առողջություն, իսկ մեր երկիրը թող միշտ խաղաղ լինի»:






