AM
20 May 2003 - 18:02 AMT

ԱՄՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մոտակա տարիներին ԱՄՆ կնախաձեռնի Հայաստանին ֆինանսական նոր օգնություն տրամադրելու նախագծի իրականացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, լրագրողներին այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Նրա խոսքերով` նախագահ Ջորջ Բուշն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսին զարգացող երկրների աջակցմանն ուղղված «Հազարամյակի խնդիրների հաշվեկշռի» ծրագիրը, որի շրջանակներում ցածր եկամուտ ունեցող երկրներում` մինչեւ 2006 թվականը ԱՄՆ օգնության ծավալը կաճի 5 մլրդ դոլարով: Դեսպանը տեղեկացրել է, որ օգնությունը կստանան մրցութային հիմունքներով այն երկրները, որոնք առավելագույն հաջողությունները կունենան տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ճանապարհին: Այս նպատակով, Ջ. Օրդուէյի խոսքերով, ԱՄՆ հատուկ հանձնաժողովն այդ երկրներում կանցկացնի այնպիսի ցուցանիշների մանրամասն վերլուծություն, ինչպիսիք են` մամուլի ազատության, կաշառակերության դեմ պայքարի, ազատ ընտրությունների անցկացման մակարդակը եւ այլն: Ջ. Օրդուէյի խոսքերով` երկրները կորոշվեն 1-2 տարում: