AM
19 May 2003 - 14:58 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ» ԺԽՏՄԱՆ ԱՐՇԱՎԸ ՉԻ ՎԿԱՅՈՒՄ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայկական գաղափարների սնանկության» մասին սեմինարների եւ մրցութային աշխատանքների անցկացման արշավը, որ սկսվել է Թուրքիայի հանրակրթական դպրոցներում, բոլորովին նպատակ չունի պնդելու, թե թուրքական կողմը բոլորովին մեղք չունի 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձություններում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի կրթության նախարար Հուսեյն Չելիքը` պատասխանելով Անկարայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այն հայտարարությանը, թե անթույլատրելի է «աճող սերունդը անիրազեկ պահել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ»: «Որքանով որ սխալ է ասել թե 1,5 միլիոն հայեր են սպանվել, նույնքան սխալ է նաեւ թուրքերի համար պնդել, թե միայն հայերն են իրենց սպանել, իսկ իրենք ոչ մեկին չեն վնասել»,- հայտարարել է Հուսեյն Չելիքը` հավաստիացնելով, որ ցանկանում է վերհանել պատմական եղելությունը եւ վերհիշել այն օրերը, երբ հայերը եւ թուրքերը ապրել են իբրեւ բարեկամներ: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Հյուրիեթ» թերթը, նման արշավ սկսելու հրահանգը կրթության նախարարությունն իր հերթին ստացել էր ԱԳՆ-ից, որտեղ նշված չի եղել, թե Թուրքիայի հայկական դպրոցների համար այդ հարցում պետք է բացառություն անել: