Թուրքիայի ժողովրդական կրթության նախարարությունը պարտադրել է «Հայկական գաղափարների սնանկությունը» թեմայով խորհրդաժողովներ եւ շարադրությունների մրցույթներ կազմակերպել երկրի դպրոցներում: Այդ մասին, ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, ասվում է նախարարության ղեկավարության կողմից երկրի բոլոր հանրակրթական դպրոցներին ուղղված նամակում: Ինչպես հաղրդում է «Արմինֆո» գործակալությունը, ըստ Թուրքիայի հայկական համայնքի տպագիր մարմին` «Ագոս» շաբաթաթերթի, Թուրքիայի ժողովրդական կրթության նախարար Հուսեյն Չելիքի ստորագրած նամակում, մասնավորապես, առաջարկվում է անցկացնել «Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ապստամբությունն ու գործողությունները» թեմայով շարադրության մրցույթ, իսկ լավագույն աշխատանքը տպագրել նախարարության հանդեսում: Ուշագրավ է այն փաստը, որ նամակն ուղարկվել է նաեւ Թուրքիայի հայկական դպրոցներին: «Անկարան նոր քայլեր է ձեռնարկում` փորձելով դիմակայել հայերի կողմից միջազգային ասպարեզում բարձրացված Հայոց ցեղասպանության հարցին», – հայտարարել է «Ագոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը` մեկնաբանելով Թուրքիայի կրթության նախարարության գործողությունները: «Մեծահասակները, որոնք դեռ իրենց համար չեն պարզել, թե ինչն է հիմնավոր եւ ինչն` անհիմն այս հարցում, փորձում են պահպանել այդ անորոշությունը աճող սերնդի մտքերում», – հայտարարել է Դինքը: