AM
14 May 2003 - 17:15 AMT

ՆԱՏՈ-Ն ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԸ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ

Կովկասը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակության տարածք է: Այդ մասին ասվում է այսօր «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում հրապարակված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի ուղերձում, որն այսօր ժամանում է Երեւան երկօրյա այցով: Նրա խոսքերով, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի հանդեպ կատարված ահաբեկչություններից հետո Կովկասի տարածաշրջանը դիտարկվում է որպես մեր ընդհանուր անվտանգության համար շատ կարեւոր տարածք: Դա նշանավորվել է նաեւ ՆԱՏՕ-ի եւ այդ տարածաշրջանում նրա գործընկերների, այդ թվում եւ Հայաստանի հետ, ավելի սերտ համագործակցության հեռանկարներով, ընդգծել է նա: Ջ.Ռոբերթսոնի խոսքերով, ՆԱՏՕ-ի հարաբերությունները իր գործընկերների հետ մշտապես հիմնված են եղել այն սկզբունքի վրա, որ անվտանգությունը ավելի շուտ կառուցվում է տվյալ պետության հարեւանների հետ, քան թե նրանց դեմ: Եվրաատլանտյան համագործակցությունը լրացուցիչ արագություն է հաղորդում բարեփոխումների գործընթացին գործընկեր-երկրներից շատերում` ներառյալ այն գործնական հարցերը, որոնք վերաբերվում են զինված ուժերի կազմակերպմանը եւ վերահսկմանը ժողովրդավարական հասարակություններում: Գործընկերությունը նշնավորվել է անվտանգության նոր համակարգի ձեւավորմամբ եվրասիական ողջ տարածքի համար` համապարփակ մի համակարգի, որը հիմնված է իրական համագործակցության վրա: Եվ Հայաստանը ակտիվ դեր է կատարում ինչպես գործնական համագործակցության, այնպես էլ` քաղաքական երկխոսության համատեքստում, նշել է Ռոբերթսոնը: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի հավակնում առաջատարի դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղարար գործընթացների կարգավորման գործում: Այդ պատասխանատվությունը նախ եւ առաջ պետք է տանեն այդ տարածաշրջանի երկրները: Սակայն, դաշինքը, անշուշտ, պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ջանքերին: «Մենք չպետք է որեւիցե պատրանքներ ունենանք` համայն հանրությունը կանգնած է լուրջ սպառնալիքների առջեւ, ինչպես Կովկասի տարածաշրջանը` ներքին մարտահրավերների: Սակայն քաղաքական առաջընթացը հնարավոր է քաղաքական խորհրդատվությունների, ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու, ռազմական ուսուցման եւ համագործակցության միջոցով, եւ իհարկե, անկեղծ եւ շահագրգիռ երկխոսության հիման վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը: