AM
30 Հունիս 2011 - 06:13 AMT

«Փյունիկի» ֆուտբոլիստներն ուրախ են, որ նրանց այցն Արցախ դրական կազդի ԼՂՀ ֆուտբոլի զարգացման վրա

Հունիսի 28-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական հանդիպում անցկացրեց Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» թիմի հետ և հաղթեց 2:1 հաշվով: «Փյունիկը» Արցախում մնաց երկու օր և մասնակցեց բարեգործական միջոցառումների:

Երևանյան թիմի դարպասապահ Արսեն Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ուղևորությունը նրանց համար շատ հետաքրքիր էր և ուրախ: Ընկերական խաղի մասին թիմի դարպասապահն ասել է. «Լեռնային Արցախ» թիմը ցույց է տալիս միջին մակարդակի ֆուտբոլ»:

Կիսապաշտպան Գագիկ Պողոսյանի խոսքերով, 8-ժամյա ուղևորությունը նրանց համար ուժային պատրաստություն էր. «Շատ լավ է, որ մեր այցը շատերին ուրախացրեց, հատկապես երեխաներին: Կարծում եմ, նման ակցիաները կնպաստեն ֆուտբոլի զարգացմանն Արցախում»:

«Ամենակարևորն այն է, որ մեր այցը ուրախություն պատճառեց երեխաներին, իսկ մեզ հաջողվեց բարի գործ կատարել: Արցախում ես առաջին անգամ եմ, ինձ շատ դուր եկավ այստեղ, Ստեփանակերտը մաքուր և հիանալի քաղաք է, որտեղ լավ մարդիկ են ապրում»,- ասել է թիմի կենտրոնական կիսապաշտպան Վարազդատ Արոյանը:

Հունիսի 29-ին «Փյունիկի» ֆուտբոլիստներն այցելեցին Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցի, իսկ հետո վերադարձան Երևան: Հունիսի 30-ից թիմը կպատրաստվի չեխական «Վիկտորիայի» հետ խաղին: Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի խաղը տեղի կունենա հունիսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Պետրոսյանը նաև խոստովանել է, որ նրանք բոլոր խաղերում ձգտում են հասնել հաղթանակի, անկախ նրանից, թե ով է մրցակիցը. «Մենք պետք է լավ պատրաստվենք և փորձենք դուրս գալ հաջորդ փուլ»:

Արոյանի խոսքերով, չնայած, որ «Փյունիկում» խաղում են շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, դա նրանց չի խանգարում կազմակերպված հանդես գալ և գեղեցիկ խաղ ցուցադրել. «Մենք լուրջ ենք տրամադրված և ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար»: