ՆԱՏՕ-ն կարող է ջանքեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, եթե ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն համապատասխան լիազորություններով օժտեն դաշինքին: Այդ մասին նախօրեին Բաքվում հայտարարել է Հարավ-արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի հրամանատար, բանակի գեներալ Օքթար Աթամանը (Թուրքիա) Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, հրամանատարը նշել է, որ կարեւոր է հակամարտության լուծումը գտնել քաղաքական մոտեցումների շրջանակում` առանց կողմերի նոր դիմակայության: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ակտիվություն դրսեւորի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում եւ նպաստի խնդրի խաղաղ լուծմանը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: