AM
11 October 2000 - 16:38 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՍՈՒՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԹԱՆՍՈՒ ՉԻԼԼԵՐԻՆ` ՀԱՅԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՎՏԱՐԵԼՈՒ ԿՈՉԻ ՀԱՄԱՐ

11.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մարդու իրավունքների թուրքական Ասոցիացիան սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերին` Թուրքիայի քաղաքացիներ չհանդիսացող հայերին երկրից վտարելու կոչի համար:
Ասոցիացիայի ստամբուլյան գրասենյակի ղեկավար Էրեն Քեսկինը Չիլլերին ուղված բաց նամակում հայտարարել է. «Ձեր հայտարարությունները կարելի է գնահատել որպես ռասիզմի եւ շովինիզմի դրսեւորում: Մենք, որպես մարդու իրավունքների պաշտպաններ, կարող ենք միայն ցանկանալ, որպեսզի Դուք եւ Ձեր նմանները դադարեք զբաղվել քաղաքականությամբ»:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախկին վարչապետ, «Ճշմարիտ ուղու կուսակցության» առաջնորդ Թանսու Չիլերը հայտարարել էր, որ ներկայումս երկրում ապրում են Թուրքիայի քաղաքացիներ չհանդիսացող 30 հզ. հայեր: «Եկեք վերադարձնենք նրանց Հայաստան կամ վտարենք Թուրքիայից: Թող նրանք զգան իրենց քայլերի հետեւանքները: Գոյություն ունեն լուծման բազմաթիվ տարբերակներ, որոնք ես հույս ունեմ քննարկել Թուրքիայի վարչապետի հետ», – ասել էր Չիլերը: –0–