AM
9 Սեպտեմբեր 2011 - 07:51 AMT

Վարդան Մինասյան. Անշուշտ, ես տեսնում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպայի 2012թ. առաջնությունում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սեպտեմբերի 9-ին Երևանում հայտարարել է, որ Սլովակիայի հետ խաղում Հայաստանը առավել փորձառու էր խաղում և արժանի էր հաղթանակի: «Այդ օրը մեր բոլոր ֆուտբոլիստները դրսևորեցին իրենց լավագույն հատկանիշները, նրանք բոլորը շատ լավ էին գործում: Ընդհանրապես, մեր թիմը գեղեցիկ խաղ է ցուցադրում և հասնում է արդյունքի: Սակայն, սա մեր հավաքականի ողջ ներուժը չէ, պետք չէ բավարարվել ձեռք բերածով»,-ասել է Մինասյանը:

Մարզիչը նշել է, որ սլովակների հետ խաղում նրանք ուսումնասիրել էին հակառակորդի բոլոր ուժեղ և թույլ կողմերը և գիտեին, որ նրանք նախընտրում են հարձակման գնալ դաշտի եզրային գծերով: «Ես հուսով էի, որ երկրորդ խաղակեսում սլովակները չեն դիմանա տեմպին և այդպես էլ եղավ ու մենք կարողացանք իրացնել մեր հնարավորությունները»:

Ըստ Մինասյանի, B խմբում չորս թիմ պահպանում է փլեյ-օֆ դուրս գալու հնարավորությունը, սակայն ինքն այժմ մտածում է միայն Մակեդոնիայի հետ խաղի մասին, ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի մասին: «Մակեդոնիան խաղի իր որակային հատկանիշներով ավելի լավ ֆուտբոլ է ցույց տալիս, քան խմբում նրա զբաղեցրած տեղն է: Ես տեսել եմ նրանց բոլոր խաղերը, երբ նրանք զիջում էին, սակայն պայքարում էին մինչև վերջ»,-ասել է մարզիչը:

Նա հուսով է, որ մակեդոնացիների հետ խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Երևանում, մարզադաշտը լի կլնի երկրպագուներով, որոնք ակտիվ աջակցություն ցույց կտան, սակայն, միևնույն ժամանակ, հավաքականը մեծ պատասխանատվությամբ կմոտենա այդ խաղին:

«Պաշտպանության կենտրոնական մասում դեղին քարտի պատճառով չի կարողանա խաղալ Հրայր Մկոյանը, բացի այդ նա ոտքի վնասվածք ունի: Եթե մինչ Մակեդոնիայի հետ խաղը Ռոբերտ Արզումանյանը չհասցնի վերականգնվել, կմտածենք այլ տարբերակների մասին»,-ասել է նա:

Հավաքականի մարզիչը նշել է, որ տեսնում է Հայաստանի հավաքականին Եվրոպայի 2012թ. առաջնությունում: