11.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նյու-Յորքում կայացած Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է 1915-ի Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի ղեկավար Թաչան Իլդեմը: Նա ասել է, որ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը հայտարարել է, որ «որոշ միջադեպեր կարող են բացասաբար անդրադառնալ երկկողմ սերտ հարաբերությունների վրա, եւ Ֆրանսիան ու Թուրքիան ամեն կերպ պետք է խուսափեն նման զարգացումներից»: Իլդեմի խոսքերով, Ժակ Շիրակը նշել է, որ ինքը անձամբ եւ ֆրանսիական կառավարությունը հասկանում են, թե որքան զգայուն է Թուրքիան այս հարցում:
ՄԵԴԻԱՄԱՔՍԸ հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը հանդիպել էր ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ եւ շնորհակալություն հայտնել ամերիկաբնակ հրեաներին` «Թուրքիայի թշնամիների դեմ նրանց տարած պայքարի համար»: Այս հանդիպման օրակարգում դրված էր ԱՄՆ Կոնգրեի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը: Սեզերը հայտարարել էր, որ հույս ունի ստանալ հրեական համայնքի աջակցությունը այս հարցում: –0–






