«2014թ. աշխարհի առաջնությունում մեր ընտրական խմբի երկու թիմեր՝ Իտալիան ու Դանիան, արդեն դուրս են եկել 2012թ. Եվրոպայի առաջնություն, իսկ Չեխիան պահպանում է մասնակցության շանսը: Պետք չէ մոռանալ նաև Բուլղարիայի մասին, որը շատ ուժեղ է, իսկ Մալթան առաջընթաց է ապրում ու նրան չես համեմատի Անդորրայի հետ: Խումբն, անշուշտ, ավելի բարդ է, քան Եվրո-2012-ի ընտրական խումբը»,-ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Սակայն, ըստ մարզչի, դա կարող է նաև իր հակառակ կողմն ունենալ՝ թիմերը կարող են հոգնած լինել Եվրո-2012 մասնակցությունից հետո և այնքան էլ լավ չնախապատրաստվել ընտրական փուլին: «Օրինակ, Սլովակիան գերազանց հանդես եկավ 2010թ. աշխարհի առաջնությունում, սակայն չդրսևորեց իրեն Եվրո-2012 B խմբում: Եվ հետո, պետք չէ մոռանալ, որ մեր հավաքականը հսկայական փորձ ձեռք բերեց և դեռ ցույց կտա իրեն, մենք պայքարելու ենք Բրազիլիայում աշխարհի առաջնության ուղեգրի համար»:
Մինասյանը նշել է, որ հոկտեմբերի 29-ին ՀՖՖ ներկայացուցիչները կքննարկեն ԱԱ խաղերի օրացույցը, որը մեկնարկում է 2012թ. սեպտեմբերին: «Մեզ համար նախընտրելի կլիներ առաջին խաղը տանն անցկացնել Չեխիայի կամ Բուլղարիայի հետ, դեմ չենք նաև Իտալիայի հետ խաղին: Վերջին հաշվով, մեզ համար միևնույն է, ում հետ խաղալ, քանի որ բոլորի հետ էլ հանդիպելու ենք»,-ասել է գլխավոր մարզիչը:
ԱԱ ընտրական փուլին Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստվել 2012թ. փետրվարից և ամսի 8 կամ 9-ին ընկերական խաղ կանցկացնի: Բացի այդ, ևս երեք ընկերական խաղ կլինի մայիսին ու օգոստոսին: «Ես կհետևեմ բոլոր հայ ֆուտբոլիստներին, որոնք հանդես են գալիս տարբեր առաջնություններում: Առաջիկայում մտադիր եմ հետևել կիսապաշտպան Ռոման Գրիգորյանի խաղին, որը խաղում է «Կռիլյա Սովետով» ակումբում:






