Ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել Մոսկվայում Քրիստոս Փրկչի տաճարի տարածքում գտնվող խաչքարին եւ Վագանկովյան գերեզմանատան ցեղասպանության զոհերի հուշարձանին: Սգո միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության աշխատակազմը դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ, Ռուսաստանի հայերի միության եւ Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նույն օրը մոսկվացի հայերի մեծաթիվ խումբ հավաքվել է Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ, որտեղ հանդես են եկել Օսմանյան Թուրքիայում հայերի բարբարոսային ոչնչացման փաստը ճանաչելու եւ դատապարտելու կոչերով: Ելույթներում նշվել է, որ Թուրքիան չի կարող համարվել քաղաքակիրթ պետություն եւ չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ չի փոխհատուցել ցեղասպանությունից տուժած հայերին հասցված բարոյական եւ նյութական վնասը: Օրվա վերջում ՀՀ դեսպանատանը եւ Ռուսաստանի հայերի միության գրասենյակում անցկացվել են ցեղասպանության զոհերին նվիրված հանդիսավոր երեկոներ: