Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը Երևանում նոյեմբերի 23-ին լրագրոների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նրանք չունեն բավականին միջոցներ միջազգային մրցաշարերում հանդես գալու համար:
«Ամեն տարի Հայաստանի կառավարությունը 9 մլն դրամ է հատկացնում 4 հասարակական կազմակերպություններին, որոնցից մեկը մերն է: 3 մլն դրամով մենք ամեն տարի կազմակերպում ենք Պարալիմպիկ փառատոնը, որի շրջանակներում մոտ 70 հաշմանդամ մարզիկ 3 օրվա ընթացքում մրցում են սպորտի 6 մարզաձևերում», ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքով, ՄԱԷ-ում միջազգային ծանրամարտի մրցաշարին մասնակցելու համար, որտեղ Գրետա Վարդանյանը վաստակեց արծաթե մեդալ և լոնդոնյան Պարալիմպիկ խաղերի ուղեգիր դիմել էին վարչապետին: «Բայց մենք ամեն անգամ չենք կարող դիմել պաշտոնյաներին և տարբեր կազմակերպություններին: Մենք 1996 թ-ից մասնակցում ենք Պարալիմպիկ խաղերին, և կարող եմ ասել, որ մեր կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում Պարալիմպիկ մարզաձևերին»:
Պարալիմպիկ կոմիտեի ղեկավարը նշեց, որ աշխատանքներ են տարվում հայեցակարգի մշակման ուղղությամբ, որտեղ նշվում են Պարալիմպիկ մարզաձևերի զարգացման ուղղություններն ու մեխանիզմները: «Մենք փորձում ենք այնպես անել, որ մարզիկների և հաշմանդամ մարզիկների պետական պարգևները լինեն հավասար»,-հավելել է նա:






