ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունները իր հետ վարած բանակցությունների մասին: Ինչպես այսօր հաղորդել է «Regnum» գործակալությանը ռուս դիվանագետը, ոչ մի հանդիպում Ադրբեջանի ԱԳ ղեկավարի հետ նա չի ունեցել: Նրա խոսքերով, վերջին հանդիպումը Վիլայաթ Գուլիեւի հետ տեղի է ունեցել Ժնեւում, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների ներկայությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից առաջ: Պատասխանելով բանակցային գործընթացում դրական առաջխաղացման վերաբերյալ հարցին, որի մասին ասել է ադրբեջանցի նախարարը` Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ չի կարելի խոսել Գուլիեւի հետ բանակցություններում ձեռք բերված դրական տեղաշարժի մասին, քանի որ նման բանակցություններ չեն եղել: