AM
22 December 2003 - 19:23 AMT

ՌՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԿԱՍԿԱԾՅԱԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել են Կովկասի Մինվոդի շրջանում գործող ապօրինի զինված կազմավորումներին հարող երկու կասկածյալներ, հաղորդում է NEWSru.com-ը: «Մրրիկ-հակաահաբեկչություն» գործողության շրջանակում ներքին գործերի աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի Օզդեմիր Բիրոլին եւ նրա հետ բնակվող ռուսաստանցի Ալլա Առուտյունովային: Նրանց կասկածում են Մինվոդի շրջակայքում ահաբեկչական գործողության կատարմանը մասնակից լինելու, ինչպես նաեւ Հյուսիսային Կովկասում ապօրինի զինված կազմավորումների անդամների հետ կապ ունենալու մեջ»,- հայտարարել է Ստավրոպոլի իրավապահ մարմինների ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ: Օզդեմիր Բիրոլի անձնագրում նշված վիզայի ժամկետը լրանում է դեկտեմբերի 25-ին: Հարցաքննության ժամանակ նա չի կարողացել բացատրել իր ուղեւորության նպատակը: Համապատասխան բացատրություններ չի կարողացել տալ նաեւ Ալլա Առուտյունովան, որը վերջին 10 տարիներին բնակվել է Թուրքիայում, իսկ մինչ այդ` Գռոզնիյում : Նրա արտասահմանյան անձնագրում դրված են Պակիստանի եւ Իրանի վիզաներ: Փորձաքննության տվյալներով` հնարավոր է, որ անձագրում եղած լինի ուրիշ լուսանկար: Դատախազությունը քրեական գործ է հարուցել: