Ներդրումների խթանման եւ պաշտպանության վերաբերյալ հայ-հնդկական համաձայնագրի դրույթները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը: Այդպիսի որոշում է այսօր կայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2003 թ. մայիսին 10 տարի ժամկետով (երկարաձգման իրավունքով): Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, Հայաստանում ներկայումս գործում է 30 հնդկական ձեռնարկություն, որոնք գործում են հիմնականում բարձր տեխնոլոգիաների եւ հասարակական սննդի ոլորտներում: