Բաքվում արագընթաց կերպով նախապատրաստվում է երկուշաբթի օրը հուղարկավորված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւին նվիրված հուշարձանների, դամբարանի եւ թանգարանների շինարարությունը: Այն անհավանական արագությունը, որով հայտնվում են այդ կոթողային շինությունների նախագծերը, վկայում է այն մասին, որ դրանք նախորոք էին պատրաստվել, գրում է Մոսկվայի «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Պատվավոր հուղարկավորությունների ծառուղում կտեղադրվեն Հ.Ալիեւի հուշարձանն ու դամբարանը, որոնց բացումը նախատեսվում է մեկ տարի անց նրա մահվան օրը` 2004 թվականի դեկտեմբերի 12-ին: Սակայն ավագԱլիեւի «գլխավոր» 15-մետրանոց հուշարձանը կկանգնեցվի Շահիդների ծառուղում, որտեղ թաղված են ղարաբաղյան պատերազմում զոհվածները: Հայտնի է նաեւ, որ Հեյդար Ալիեւի անունը կկրեն նաեւ պողոտաներ, փողոցներ, հրապարակներ եւ որոշ բնակավայրեր ամբողջ Ադրբեջանով մեկ: Նախկին նախագահի դիմանկարը կզարդարի 100 հազար մանաթ արժողությամբ դրամները եւ հոբելյանական հուշադրամները: