Եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացն ընթանում է բավականին արագ տեմպերով: Այդ մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Նրա խոսքերով, 2003 թվականին մի շարք կարեւոր օրենքներ ընդունելով, Հայաստանը մեծ քայլ կատարեց ժողովրդավարեցման ճանապարհին: Միեւնույն ժամանակ, նշել է դիվանագետը, Հայաստանը դեռեւս պետք է շատ ջանքեր գործադրի եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար: Հիշեցնենք, որ երեկվա արտահերթ նստաշրջանի ընթացքում Հայաստանի խորհրդարանը ընդունել է այլընտրանքային ծառայության մասին օրենքը, այդպիսով կատարելով եւս մեկ պարտավորություն Եվրախորհրդի առջեւ: