AM
16 December 2003 - 19:08 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՓԱԿ ՉԵՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԻՐԱՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ «ԴՌՆԵՐԸ», ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ

Իրաքի հետպատերազմյան վերականգնողական աշխատանքների սկզբնական փուլին մասնակցելու հավակնող-երկրների ցուցակում Հայաստանի չընդգրկվելը ընդհանրապես չի փակում մեր առջեւ այդ գործընթացի «դռները»: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: «Ներկա մրցույթը վերաբերում է առաջնային պայմանագրերին, որոնց շահելու հավանականությունը խիստ նվազ է անգամ ցուցակում ընդգրկված շատ երկրների համար: Ընդհակառակը, հայկական ընկերություններին առաջիկայում հնարավորություն կընձեռնվի շահավետ պայմանագրեր ձեռք բերել որպես ենթակապալառու: Սրա շուրջ ամերիկյան կողմի հետ ներկայումս տարվում են աշխատանքներ եւ մենք հուսով ենք, որ դրանք դրական արդյունք կտան», – ասել է Հ. Գասպարյանը: ԱՄՆ կառավարությունը որոշել է սկզբնական վերականգնողական ծրագրերի մրցույթներին թույլ տալ մասնակցել այն երկրներին, որոնք ժամանակին անվերապահորեն աջակցել էին ԱՄՆ դիրքորոշմանը Իրաքի ճգնաժամի հարցում եւ մաս կազմել կոալիցիային, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: