AM
16 December 2003 - 18:59 AMT

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մարդու իրավունքների պաշտպանության նորվեգական հիմնադրամը (ՄԻՊՀ) մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակի վատթարացման առնչությամբ: Օրերս Օսլոյում տեղի ունեցած սեմինարում, որը նվիրված էր Ադրբեջանի հետընտրական իրավիճակին, հիմնադրամի վարչության անդամ Մետտե Նեւզը համաշխարհային հանրությանը կոչ է արել այդ երկրում մարդու իրավունքների բնագավառում իրավիճակի վատթարացման հետ կապված իրական քայլեր ձեռնարկել: Նա նշել է, որ 2004 թվականին Նորվեգիան կնախագահի Եվրախորհրդի գարնանային եւ աշնանային նստաշրջաններում, եւ իր պարտքը կհամարի ադրբեջանական կառավարությանը հիշեցնել ԵԽ հանդեպ իր պարտավորությունների մասին: Նշենք, որ սեմինարը կազմակերպել էր ՄԻՊՀ-ը` Նորվեգիայի ԱԳՆ հետ համատեղ: Սեմինարում հանդես եկած Նորվեգիայի փոխարտգործնախարար Կիմ Տրաավիկը հիշեցրել է, որ Նորվեգիայի կառավարությունն արդեն լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իրավիճակի առնչությամբ: «Ադրբեջանը գցում է իր հեղինակությունը, իսկ միջազգային հանրության համբերությունը սպառվում է»,- հայտարարել է Տրաավիկը: