AM
16 December 2003 - 14:55 AMT

ՀՐԵԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՍՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Իսրայելի իշխանությունները շատ անխոհեմաբար են վարվում հրաժարվելով ճանաչել 1915թ. հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի Բաց ինստիտուտի գիտնական, դոկտոր Յաիր Աուրոնը` հանդես գալով ամերիկյան Արլինգթոն քաղաքում, հայտնում է jewish.ru-ն: Նա հիշեցրել է, որ 2000 թվականին Իսրայելի կրթության նախարար Յոսսի Սարիդը Երեւան կատարած այցի ընթացքում կառավարության անունից խոստացել էր ճանաչել հայոց ցեղասպանությունը, սակայն արդեն մի քանի օր անց երկրի արտաքին գործերի նախարար Շիմոն Փերեսը հայտարարել էր, որ Թել Ավիվը չի պատրաստվում այդ անել, այնուհետեւ այն հաստատել էր Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Քոէնը: Յա. Աուրոնի խոսքերով` հրեական հասարակությունը համամիտ չէ իշխանությունների հետ եւ մտադիր է հասնել հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, որոնք անցյալ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում դարձել են էթնիկ մաքրումների զոհ: Նշենք, որ գիտնականը հանդես է գալիս դասախոսությունների շարքով Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում` ներկայացնելով իր նոր գիրքը` «Մերժման անմտություն: Իսրայելը եւ հայոց ցեղասպանությունը»: