AM
16 December 2003 - 14:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի զինվորական եւ քրեական հարցերով վճռաբեկ դատարանում այսօր սկսվել է Հանրային հեռուսատա-ռադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրյալների բողոքների լսումը: Նոյեմբերի 18-ին առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը բողոքարկել են հինգ մեղադրյալներ: Դրանք են` 15 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանը եւ Ջոն Հարությունյանը, որոնք գործով անցնում են որպես հանցագործության պատվիրատու եւ կատարող, ինչպես նաեւ հանցագործության մեղսակիցներ Ֆելիքս Առուստամյանը, Գեղամ Շահբազյանը եւ Գրիգոր Պետրոսյանը, որոնք դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման: Նշենք, որ Արմեն Սարգսյանը (1999 թվականին ՀՀ խորհրդարանում իրականացված ահաբեկչության հետեւանքում զոհված նախկին վարչապետ Վազգեն Սարդսյանի եղբայրը) դատարանում չի ճանաչել իր մեղքը, իսկ Ջոն Հարությունյանը խոստովանել է իր կատարածը: Հիշեցնենք, որ 36-ամյա Տիգրան Նաղդալյանը սպանվել էր 2002 թվականի դեկտեմբերի 28-ին գլխին ուղղված կրակոցից: