Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ վերջինիս ժողովրդի ինքնորոշումը դե-ֆակտո ճանաչվում է միջազգային հանրության կողմից, սակայն հարկավոր է գտնել ԼՂՀ կարգավիճակի իրավական ամրագրման ուղիները: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ միամիտ կլիներ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բեկում ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս տարածաշրջան կատարած այցելությունից եւ Ժնեւում կայացած Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից: Պատգամավորը բացատրել է դա նրանով, որ երկու իրադարձություններն էլ նպատակ ուներին պարզելու Ադրբեջանի նոր նախագահի դիրքորոշումը, որը մինչ այդ փաստորեն, ծանոթ չէր Լեռնային Ղարաբաղի գծով բանակցային գործընթացին: Մ.Շահգելդյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում բանակցային գործընթացը կակտիվանա: Նրա խոսքերով, մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա նոր առաջարկություններով, որոնք հիմնված կլինեն այն պայմանավորվածությունների վրա, որոնք արդեն ձեռք են բերվել հակամարտության կողմերի միջեւ: «Իհարկե, այդ առաջարկություններում կարող են լինել նոր նյուանսներ, բայց արմատական փոփոխություններ դրանցում չեն լինի»,-հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: