AM
12 December 2003 - 18:42 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ

Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմակայանների ենթադրվող տեղաբաշխումը կհակասեր Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հաստատված բարեկամական հարաբերություններին: Այդ մասին այսօր «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Ընդսմին նա նշել է, որ «Ադրբեջանն ինքնիշխան պետություն է եւ օտարերկրյա ռազմակայանների տեղաբաշխման մասին որոշում ընդունելը նրա բացառիկ իրավասությունն է»: Ադրբեջանի հետ Ռուսաստանի սահմանամերձ տարածքներում նման ռազմակայանների հայտնվելը Մոսկվայի համար կնշանակեր ռազմաքաղաքական իրավիճակի սկզբունքային փոփոխություն, հետեւաբար նաեւ` անհանգստության լրացուցիչ աղբյուր: Այդ դեպքում Ռուսաստանն ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ուղղությամբ իր սահմաններն ամրապնդելու համար` ուժեղացնելով իր ռազմական խմբավորումը Դաղստանում: