«Ազգային շարժում» եւ «Բուրջանաձե-ժողովրդավարներ» իշխող քաղաքական դաշինքների կողմից առաջադրված Վրաստանի նախագահի միասնական թեկնածու Միխայիլ Սահակաշվիլին արտահայտվել է այսօր Վրաստանի քաղաքացիների համար երկքաղաքացիություն մտցնելու օգտին: Ելույթ ունենալով Թբիլիսիում գործարարների հետ հանդիպմանը` նա հայտարարել է, որ «երկքաղաքացիության կիրառումը թույլ կտա պահպանել Վրաստանի համար հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնք վերջին 10 տարում ստիպված են եղել հեռանալ հայրենիքից եւ աշխատանք փնտրել այլ երկրներում»: Նրա խոսքերով` երկքաղաքացիության ինստիտուտի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Վրաստանի քաղաքացիների եւ երկրի համար ամբողջությամբ, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: