Վիեննայի համալսարանը դիմել է Թուրքիայի պատմության ընկերությանը եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ)` առաջարկով համալսարանի հովանու ներքո 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում ողբերգական իրադարձություններին նվիրված քննարկում անցկացնել: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, Հայաստանն ընդունել է այդ առաջարկը, չնայած առայժմ պաշտոնապես չի հաստատել հանդիպմանն իր մասնակցությունը: Ընդսմին նա ավելացրել է, որ հայկական կողմը կտրականապես դեմ է Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելուն: «Մենք մտադիր ենք առաջիկա հանդիպումն օգտագործել հայ ժողովրդի համար ցեղասպանության հետեւանքների մասին մեկ անգամ եւս հայտարարելու նպատակով»,- ասել է նա: Թուրքական աղբյուրի համաձայն` Հայաստանից պաշտոնական պատասխան ստանալուց հետո կողմերը միմյանց պետք է ուղարկեն իրենց տրամադրության տակ եղած արխիվային փաստաթղթերը, որոնց երկուստեք ուսումնասիրությունից հետո կողմերը կհանդիպեն Վիեննայում: Քննարկումը նախատեսվում է անցկացնել 2004 թվականին` դռնփակ: