AM
12 December 2003 - 14:06 AMT

ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ

Ժամանակն է ակտիվ աշխատանք սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Շանտալ Պուարենի խոսքերով` նման կարծիքի է պաշտոնական Փարիզը: Դեսպանն ընդգծել է, որ Ֆրանսիան միշտ ակտիվորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման աշխատանքին եւ ափսոսանք հայտնել ընթացիկ տարում բանակցային գործընթացի զգալի սառեցման կապակցությամբ, ինչը պայմանավորված էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հիվանդությամբ, ինչպես նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում անցած ընտրություններով: Դեսպանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի կառավարությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրել է 2004թ. պաշտոնական այցով ժամանել Փարիզ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: