AM
5 December 2003 - 19:48 AMT

ՀՈՒՅՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐ, ՈՐՈՆՔ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Հունաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Աթենքի եւ համայն Հույնյո արքեպիսկոպոս Խրիստոդուլոսը միջազգային իրարանցում է առաջացրել` հրապարակայնորեն անվանելով թուրքերին «բարբարոսներ, որոնք տեղ չունեն Եվրամիությունում», տեղեկացնում է «BBC News»-ը: Արքեպիսկոպոսը հրաժարվել է մեկնաբանել Աթենքի եկեղեցում քարոզի ժամանակ արված իր հայտարարությունը: Նրա ելույթը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով: Հոգեւոր հայրը նշել է, որ ցանկանում է միայն, որպեսզի ԵՄ մերժի իր շարքերն ընդունել Թուրքիային, քանզի «բարբարոսները տեղ չունեն քրիստոնյաների ընտանիքում»: «Մենք չենք կարող ապրել միասին»,- ընդգծել է Խրիստոդուլոսը: Ինչպես նշում է «BBC News»-ը, հույն արքեպիսկոպոսի արտահայտությունը չի դարձել սենսացիա` նրա պահպանողական հայցքները հայտնի են բոլորին: Սակայն այդ բառերը ստիպել են Հունաստանի արտաքին գործերի նախարարին հանդես գալ հատուկ հայտարարությամբ, որում նա իր բացասական վերաբերմունքն է հայտնել հոգեւոր հոր հայտարարության կապակցությամբ, եւ ընդգծել, որ Հունաստանի ժողովուրդը Թուրքիայի նկատմամբ տածում է ամենաբարյացակամ զգացմունքները: Թուրքական իշխանությունների վերաբերմունքն այդ ամենին առայժմ հայտնի չէ: