Վրաստանը կարող է որոշում կայացնել` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երկիր մուտքն արգելելու վերաբերյալ: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքի առաջնորդներից մեկը` պատգամավոր Դաթո Տկեշելաշվիլին: Նրա խոսքերով` նման տեսակի հարցերը վերաբերում են միջպետական հարաբերություններին, եւ այդ առնչությամբ որոշում պետք է ընդունվի Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Խորհրդարանականը նշել է, որ այդ երկու երկրները գտնվում են միանման դրությունում` նրանց տարածքները «փաստորեն զավթված են ուրիշ պետությունների կողմից»: «Այդ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքը համապատասխանում է Ադրբեջանի եւ Վրաստանի շահերին»,- հայտարարել է Դ. Տկեշելաշվիլին: Թերթի տվյալներով, նման կարծիքի է նաեւ Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի փոխնախագահ Թեմուր Յակոբաշվիլին: Ադրբեջանի իշխանությունների կողմից` Վրաստանի տարածք ԼՂՀ ներկայացուցիչների մուտքն արգելելու վերաբերյալ նոր վրաց ղեկավարությանը խնդրանքով դիմելու դեպքում պաշտոնական Թբիլիսին դրական պատասխան կտա, գտնում է նա: Ճիշտ է, Յակոբաշվիլու կարծիքով, ավելի կարեւոր է Ադրբեջանի եւ Վրաստանի ջանքերի համակարգման ապահովումը միջազգային կառույցներում: Այդ երկրների խնդիրների լուծման գործում հատուկ դեր կարող են խաղալ Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն, գտնում է վրաց փորձագետը: