ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը նամակ է հղել այդ կազմակերպության Անվտանգության խորհրդին, որում հիշեցրել է ՄԱԿ-ի կողմից իր հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւի ընդունման տասնամյակի մասին: Ինչպես տեղեկացնում է «Ցենտրալնո-ազիատսկիե նովոստի» լրատվական գործակալությունը, որպես Ադրբեջանի «հողերի օկուպացման» հետեւանքով կրած վնասի ցուցադրում Յա. Ալիեւը նամակին կցել է նյութական կորուստների ցուցակ: «Գրավյալ 6 քաղաքներում, 12 քաղաքատիպ ավաններում, 830 գյուղերում ոչնչացվել է 700 հիվանդանոց, 150 000 տուն, 927 գրադարան, 6 թատրոն, 368 ակումբ, 6000 արտադրական ձեռնարկություն, 1200 կմ ոռոգման համակարգ, 800 կմ ճանապարհ, 160 կամուրջ: Քշվել տարվել է 244 հազար գլուխ ոչխար եւ 69 հազար գլուխ խոշոր եղջրավոր անասուն», ասվում է կցված փաստաթղթում: Այնտեղ ներկայացված են նաեւ տվյալներ արոտավայրերի, հանքավայրերի կորուստների եւ գրավյալ տարածքներին հասցված հսկայական բնապահպանական վնասի մասին: