Բաքվի ոստիկանությունը այսօր կասեցրել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ չարտոնված պիկետ անցկացնելու «Ղարաբաղի ազատագրման կազակերպության» (ՂԱԿ) փորձը: «Թուրան» գործակալության հաղորդագրության համաձայն, այդպիսով ՂԱԿ-ի ակտիվիստները մտադիր էին իրենց բողոքն արտահայտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի քաղաքականության դեմ: Պիկետի մասնակիցների կողմից լրագրողների շրջանում տարածված բանաձեւում նշվում է, որ «Ռուսաստանը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահ, պետք է ջանքեր գործադրի հակամարտության արդարացի հանգուցալուծում ընդունելու համար»: Բանաձեւում նաեւ պահանջվում է վերջ դնել Հարավային Կովկասում երկակի չափանիշների քաղաքականությանը եւ հրաժարվել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունից: Հակառակ դեպքում Ռուսաստանը պետք է հրաժարվի համանախագահությունից Մինսկի խմբում, ասվում է բանաձեւում: